Լոնդոնի հենց սրտում բացվել է Եվրոպայի ամենապաշտպանված և շքեղ մասնավոր պահոցներից մեկը։ Փարկ Լեյնի վրա գտնվող հնագույն առանձնատան ճակատային հատվածի հետևում թաքնված է գերժամանակակից մի գանձապահոց, որտեղ ունևոր հաճախորդները պահում են իրենց զարդերը, էլիտար ժամացույցները, բրենդային պայուսակներն ու այլ թանկարժեք իրեր։ Ամենաարտասովոր «գանձերի» թվում կարելի է հանդիպել Pokémon-ի խաղաքարտերի հավաքածուների և նույնիսկ փափուկ արջուկների։
The Times-ի լրագրող Սայմոն դը Բերթոնն այցելել է IBV International Vaults London և պարզել, թե ինչպես է կառուցված այդ պահոցը, ուր, ըստ տնօրինության հավաստիացումների, կողմնակի անձի մուտքը գործնականում անհնար է։
Ամրոց՝ հնագույն առանձնատան պատերի ներսում
Պահոցը տեղակայված է Փարկ Լեյն 46 հասցեում գտնվող Stanhope House-ում՝ 1901 թվականին կառուցված պատմական առանձնատանը։ Քարե գարգուլիաներով և դեկորատիվ տարրերով զարդարված գոթական ճակատի հետևում թաքնված է անվտանգության գերժամանակակից համակարգ։
Ներս մտնել հնարավոր է միայն ստուգման մի քանի փուլ անցնելուց հետո։ Այցելուներին դիմավորում են աչքի ծիածանաթաղանթի և մատնահետքերի սկաներները։ Ընկերության գործադիր տնօրեն Շոն Հոուին վստահեցնում է, որ նույնիսկ պահատուփի օրինական տիրոջից արտաքուստ ոչնչով չտարբերվող մարդը չի կարող հաղթահարել նույնականացման այդ համակարգը։

Մուտքից այն կողմ զրահապատ կոնստրուկցիաներով և զանգվածեղ դռներով սրահներն են։ Դրանցից մեկը, որը պատրաստվել է Chubb ընկերության կողմից դեռևս 1945 թվականին, կշռում է շուրջ 3,5 տոննա։ Դրա հետևում տեղադրված է շվեդական արտադրության լրացուցիչ պաշտպանիչ դուռ։
Պահոցի պատերը, հատակն ու առաստաղը պատված են մոտ 25 սանտիմետր հաստությամբ պողպատե թիթեղներով։ Տարածքը շուրջօրյա հսկվում է տեսախցիկներով և սեյսմիկ ակտիվության տվիչներով, իսկ տեսագրությունները միաժամանակ փոխանցվում են Մեծ Բրիտանիայում և Հարավային Աֆրիկայում գտնվող մի քանի հեռակա կենտրոններ։
Ներսում գործում է նաև կրկնակի անցախցի սկզբունքը․ պահոց կարելի է հասնել միայն հաջորդաբար փակվող մի քանի դռներով անցնելուց հետո։ Անվտանգությունն ապահովում են զինված պահակները, որոնց թվում են բրիտանական բանակի էլիտար ստորաբաժանումների նախկին ծառայողներ։
Որքա՞ն արժե հարստության պահպանումը
IBV International Vaults London-ն առաջարկում է տարբեր չափսերի անհատական պահատուփեր։ Ամենափոքր՝ 5 սանտիմետր լայնությամբ պահատուփի տարեկան վարձակալության արժեքը սկսվում է 1000 ֆունտ ստեռլինգից (մոտ 1300 դոլար)։ Հաջորդ չափսի պահատուփն արժե 1250 ֆունտ, իսկ ամենամեծը՝ 40 սանտիմետր լայնությամբ, տարեկան 6500 ֆունտ է։
Առանձնապես ունևոր հաճախորդների համար նախատեսված է ամբողջական սենյակ վարձակալելու հնարավորություն։ Նման շքեղության արժեքը գերազանցում է տարեկան 1 միլիոն ֆունտ ստեռլինգը։
Վարձակալության գնի մեջ ներառված է նաև 100 հազարից մինչև 1 միլիոն ֆունտի ապահովագրություն՝ կախված պահատուփի չափսից։ Ցանկության դեպքում հաճախորդները կարող են ավելացնել ապահովագրական գումարը՝ հասցնելով այն առավելագույնը 100 միլիոն ֆունտի։
Ամենամեծ պահատուփերի տերերին տրվում է ևս մեկ արտոնություն՝ անվճար ուղևորափոխադրում Rolls-Royce-ով։ Լոնդոնի M25 տրանսպորտային գոտու սահմաններում բնակվող հաճախորդները կարող են տարեկան մինչև վեց անգամ օգտվել այս ծառայությունից՝ տնից պահոց և հակառակ ուղղությամբ երթևեկելու համար։
Ի՞նչ են թաքցնում զրահապատ դռների հետևում
Պահպանության հանձնվող ամենապահանջված իրերի շարքում են թանկարժեք ժամացույցները, ոսկին, ոսկերչական զարդերը, արվեստի գործերը, ինչպես նաև Chanel, Hermès, Dior և Louis Vuitton ապրանքանիշերի պայուսակները։

Ընդ որում, աշխատակիցները միշտ չէ, որ գիտեն, թե կոնկրետ ինչ է դրված պահատուփերում։ Ընկերությունն ստուգում է յուրաքանչյուր նոր հաճախորդի ինքնությունը և արգելում անօրինական իրերի պահպանումը, սակայն չի պահանջում բացահայտել պահատուփի պարունակությունը։
Որոշ հաճախորդներ նախընտրում են այնտեղ պահել իրեր, որոնք դժվար է դասել դասական շքեղության առարկաների շարքին։ Նրանցից մեկն իր մեծ պահատուփն օգտագործում է Pokémon-ի խաղաքարտերի հավաքածուի համար, իսկ մյուսն այնտեղ փափուկ արջուկներ է պահում։
Նոր պահոցի ստեղծումը պատասխանն էր ունևոր հաճախորդների կողմից աճող պահանջարկի, քանի որ նրանց համար գնալով ավելի բարդ է դառնում արժեքավոր իրերի համար հուսալի վայր գտնելը։
2015 թվականին Լոնդոնի Հաթոն Գարդեն թաղամասում տեղի ունեցած աղմկահարույց կողոպուտից հետո, երբ հանցագործները ներխուժեցին բանկային պահոց և անհատական պահատուփերից հափշտակեցին շուրջ 14 միլիոն ֆունտի թանկարժեք իրեր, բրիտանական բանկերն աստիճանաբար սկսեցին հրաժարվել նման ծառայություններ մատուցելուց։
IBV International Vaults-ի հիմնադիրը՝ հարավաֆրիկացի ձեռնարկատեր և հյուրանոցային մագնատ Աշոկ Սևնարայնը, դրանում պրեմիում դասի ծառայություն ստեղծելու հնարավորություն տեսավ։ Մինչ լոնդոնյան մասնաճյուղի բացումը ընկերությունն արդեն գործարկել էր յոթ պահոց Հարավային Աֆրիկայում և մեկը՝ Դուբայում։
Այժմ բրիտանական մայրաքաղաքի ամենահեղինակավոր փողոցներից մեկում՝ պատմական շենքի ճակատի հետևում, գործում է իսկական ստորգետնյա գանձապահոցային համալիր՝ մի վայր, որտեղ միլիարդատերերը կարող են պահել ոչ միայն տոհմական զարդերն ու տասնյակ հազարավոր դոլարներ արժեցող պայուսակները, այլև իրենց հավաքածուների ամենաանսպասելի նմուշները։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:31, 10 նոյեմբերի
Գանձարան միլիարդատերերի համար․ լոնդոնյան պահոցում պահում են ադամանդներ, Hermès-ի պայուսակներ և անգամ Pokémon-ի խաղաքարտեր19:27, 10 նոյեմբերի
Հռոմի պապը, 1957 թվականի ողբերգությունն ու 69-ամյա դավադրությունը. ինչո՞ւ «Ferrari»-ն իտալացի արշավորդների չի վերցնում16:33, 10 նոյեմբերի
26 տարի սպասում և հարսանիք. 84-ամյա միլիարդատեր Մայքլ Բլումբերգը ամուսնացել է իր սիրելիի հետ15:28, 10 նոյեմբերի
«Լրտեսուհու» հետ սիրավեպը կարող է Nvidia-ի գործադիր տնօրենին արժենալ 60 մլրդ դոլար և կարիերա. Ջենսեն Հուանգը հայտնվել է կրկնակի սկանդալի մեջ14:37, 10 նոյեմբերի
Անկախ ժամագործի տրիումֆը. քիչ հայտնի ապրանքանիշը արժանացել է «Ժամացուցային արվեստի Օսկար»-ին14:17, 10 նոյեմբերի
«Մասկի փողերը չօգնեցին». Ռոբերտ Դե Նիրոն ծաղրել է միլիարդատիրոջը նրա մասին ֆիլմի ցուցադրության ժամանակ13:43, 10 նոյեմբերի
Բիանկա Սենսորին կրկին ցնցել է իր համարձակ կերպարով՝ Լոս Անջելեսում գնումներ անելիս13:10, 10 նոյեմբերի
Փոլ Մաքքարթնին դարձել է միլիարդատեր և միացել է աշխարհի երեք ամենահարուստ երաժիշտներին12:31, 10 նոյեմբերի
Երեք հայ ընդգրկվել է Լոս Անջելեսի 34 ազդեցիկ տղամարդկանց ցանկում․ «Los Angeles Magazine»12:21, 10 նոյեմբերի
Մեծ Բրիտանիա վերադառնալը թանկ է նստում. Արքայազն Հարրին հրաժարվել է ԱՄՆ-ում 1 միլիոն դոլար աշխատավարձից11:39, 10 նոյեմբերի
Դասթին Հոֆմանը բացահայտել է, թե ինչպես է ատրճանակով զինված խանդոտ ամուսինը բռնացրել իրեն կնոջ հետ անկողնում11:17, 10 նոյեմբերի
Ռոբ Քարդաշյանը պատրաստ է բացահայտել ընտանեկան գաղտնիքները և խոսել իր դժվարությունների մասին. Դա հունից հանել է Քրիս Ջեններին